ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանում ուսումնական տագնապ և տարհանման միջոցառում է եղել։ Այս մասին հայտնել է ՀՌՀ մամուլի քարտուղար Դիանա Խոդերյանը։
Նշենք, որ վաղ առավոտից տեղեկություններ էին շրջանառվում, թե Սլավոնական համալսարանում պայթուցիկ սարք կա։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները։ Պարզվել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, կազմված փաստաթղթերն էլ ուղարկվել է Քննչական կոմիտե։
Համալսարանից հայտնել էին, որ ժամը 10։00-ի դրությամբ ուսանողներն ու դասախոսները տարհանվել էին։ Կես ժամ անց պարզվել էր` վտանգ չկա։
«Հայ-ռուսական համալսարանի ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ։ Ելնելով ՀՌՀ-ի Անվտանգության ռազմավարությունից և տարբեր արտակարգ իրավիճակների դեպքում սովորողների անվտանգության և համարժեք վարքագծի ապահովման համալիր միջոցառումների իրականացման նպատակով իրականացվել է ԲՈՒՀ-ի ուսանողների և աշխատակիցների ուսումնական տարհանում: Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Խոդերյանը հայտնել է, որ համալսարանն իր գործունեությունը շարունակում է բնականոն ռեժիմով, և ներկայում բուհում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ՝ Ունիվերսիադա-2024, ուսանողների հանդիպում տիեզերագնաց Հարություն Կիվերյանի հետ և այլն: