ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Հանդիպման արդյունքում հանձնաժողովները պայմանավորվել են.
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Համաձայնել են, որ կողմերը կդիմեն իրենց կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել հանձնաժողովներիհամատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հիշեցնենք` ապրիլի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։ Դրանք այն համայնքներն են, որոնց հարակից տարածքները, ըստ Ալմա Աթայի հռչակագրի, պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Դրանց մոտով են անցնում Վրաստան տանող միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Փաշինյանը Տավուշում էր նաև մարտի 18-ին, երբ հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջածը չտալու դեպքում պատերազմ կլինի։
Փաշինյանը Կիրանցում հայտարարել էր, որ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Նա նաև նշել էր, որ արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում։