ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նախաձեռնած «Կամք» շարժման անդամները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Ըստ Չախալյանի` իրենց ցանկությունը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը կանգնեցնելն է։
«Հայ ժողովրդի շահը մեզ թելադրում է, որ կանգնեցնենք Նիկոլին։ Մենք վստահ ենք` հանուն տասնյակհազարավոր քաղաքացիներ պատրաստ են դուրս գալ փողոց և պայքարել Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության համար»,–ասաց Չախալյանը։
Նրա թիմակիցներից Արման Մխիթարյանն էլ նշեց, որ իրենց առջև գոյաբանական հարց է դրված, և հիմա ազգային-ազատագրական պայքար է սկսվում։
«Էսօր մենք լինել-չլինելու խնդրի առաջ ենք կանգնած»,–ասաց նա։
Ակցիայի ընթացքում Չախալյանն ընդգծեց, որ իրեն արդեն վախեցնում են քրեական գործերով, սակայն ինքն ու իր կողմնակիցները մտադիր չեն նահանջել և պայքարելու են մինչև վերջ:
Նշենք, որ ակցիայի ընթացքում նախաձեռնության մասնակիցներին մոտեցավ նաև Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը: Ցուցարարները նրան հարց ուղղեցին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարելու առնչությամբ։
«Ես միայն մի բան կարող եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված, արդյունքները կհրապարակվեն»,– պատասխանեց Քոչարյանը։
Սևան Քոչարյան
© Photo
Դիտարկմանը, որ աննախադեպ է որակվում տեղի ունեցածը, երբ ոստիկանները շղթայված Սամվել Վարդանյանին բաժին տեղափոխելիս խոշտանգում են, ոստիկանապետն արձագանքեց. «Դեռ հարց ա՝ այդպես է եղել, թե ոչ»:
Դրանից հետո ոստիկանապետը դիմեց Վահագն Չախալյանին ու խորհուրդ տվեց ոստիկանների աշխատանքի մասին քիչ խոսել՝ ո՛չ լավ, ո՛չ վատ: