ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ՀՀ կառավարության իրականացրած քայլերին:
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին