Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացին 25-ամյա տղամարդու է սպանել. տեսանյութ

Տղամարդկանց վեճի պատճառ է դարձել սխալ կայանված մեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի 21-ամյա քաղաքացի Շահին Աբասովը Մոսկվայում մեքենայի կայանման պատճառով վեճի ժամանակ մահացու վնասվածքներ է հասցրել 25-ամյա Կիրիլ Կովալյովին:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։ ԶԼՄ-ների տեղեկություններով` Կովալյովն իր հարսնացուին հյուր է գնացել մոտոցիկլետով։ Նա նկատել է, որ 21-ամյա Շահին Աբասովին պատկանող «Toyota Camry» ավտոմեքենան սխալ է կայանված եղել։
Կիրիլը դիտողություն է արել Շահինին, ասել է, որ մուտքի մոտ կայանելն անթույլատրելի է։ Շահինը սկսել է բղավել և զայրանալ, որ մոտոցիկլետի պատճառով չի կարողացել դուրս գալ, և ծեծկռտուք է սկսվել։ Շահինը ծեծել է տղամարդուն, դանակով հարվածել որովայնին և փախել։ Կիրիլը մահացել է հիվանդանոցում։
Հարուցվել է քրեական գործ, կասկածյալը փախուստի մեջ է։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով` ենթադրյալ մարդասպանը գտնվում է մայրաքաղաքում։ Քայլեր են ձեռնարկվում կասկածյալին ձերբակալելու ուղղությամբ։
Մահացածի մայրը «Shot» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ ամենասարսափելի պատիժն է ուզում իր որդուն սպանողի համար։
Նրա խոսքով` իր որդին դաստիարակված էր, ճշմարտության կողմնակից, սպորտով էր զբաղվում, մրցաշարերում էր հաղթել և իր ընկերուհու հետ ապագայի պլաններ էր կազմում. պատրաստվում էր ամռանը առաջարկություն անել նրան Ղրիմում:
Մահացածը BMX-ով (հեծանվային կրոս) էր զբաղվում «Մարյինո» հեծանվահրապարակում։ Այս տարի նա նախատեսում էր հանդես գալ «Երկու մայրաքաղաքների գավաթում»։