ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն աշխատանքային խմբում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Կիրանց համայնքում գյուղացիների հետ հանդիպմանը։
«Վարչական շրջանների ղեկավարները ներգրավված են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում` իրենց փաստարկներով և ժողովրդին էլ տեղեկություն կտան, թե ինչ է տեղի ունենում»,–ասել է նա։
Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված։
«Այդտեղ մենք դպրոց ենք կառուցում և պետք է մեր երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովենք»,–ասել է նա։
Փաշինյանն ասել է, որ գործընթացն ինչքան էլ դժվար է, բայց ինքը դրական է տրամադրված, որովհետև սահման է գծվում երկրի ամբողջ տարածքով։
«Սահմանը խաղաղության որոշակի երաշխիք է։ Բոլորս միշտ պետք է հիշենք, որ կարա ինչ-որ բան նենց չգնա, իսկ որ ամեն ինչ նենց գնա, ոնց մենք պլանավորել ենք, մենք պետք է իրար հետ երկխոսության մեջ լինենք»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել էր Փաշինյանի փակ հանդիպումը և նշել, որ հարցը գյուղին կամ գյուղերին վերագրել նշանակում է՝ գյուղացիներին թողնել ահռելի պատասխանատվության ներքո՝ ոչ միայն ներկայում, այլև ապագայի բոլոր հետևանքներով:
Հայտնել էինք, որ ապրիլի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հետ կապված իրավիճակը։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն 1 ամիս է` Ոսկեպարում է բնակվում, թույլ չեն տվել մուտք գործել հանդիպման սրահ։ Գյուղացիները, ինչպես նաև Տավուշի թեմը Փաշինյանի այցի մասին տեղյակ չեն եղել։