ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչպես նկատել եք, ադրբեջանական իշխանությունները վերաինտեգրման հատուկ ծրագիր են ընդունել։ Բազմիցս ընդգծվել է, որ Ռուսաստանը ողջունում և աջակցում է այդ քայլերը։ Ղարաբաղի հայերը պետք է վերադառնալու հնարավորություն ունենան՝ նրանց իրավունքների և իհարկե անվտանգության պատշաճ ապահովման դեպքում»,-ասաց Զախարովան։
Նա շեշտեց, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացին։
Ընդ որում, ըստ Զախարովայի, այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած ադրբեջանցիների և հայերի վերադարձի թեմայից:
Նրա կարծիքով` այդ դեպքում քաղաքացիների հնարավոր վերադարձի պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է հսկայածավալ աշխատանք կատարել: Անհրաժեշտ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, հաղորդակցությունների ապաշրջափակում և տարածքների սահմանազատում։