ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցրել են ծանրագույն վիճակի, և ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից արմատապես այն քաղաքականության հետևանքն է, որն իրականացնում է Երևանը: Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ընթացող ասուլիսի ժամանակ ասաց «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով` Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, սակայն նման որոշումը ոչնչով հիմնավորված չէ։ Միևնույն ժամանակ ի տարբերություն Արևմուտքի, որը չի թաքցնում իր ծրագրերը, անհասկանալի է, թե ինչ է ցանկանում Ռուսաստանը։ Արամ Սարգսյանը վստահեցրեց` անշուշտ, տեղի ունեցածի մեջ պատասխանատվության առյուծի բաժինը կրում են ՀՀ իշխանությունները, բայց փորձում է հասկանալ, թե որտեղ են Ռուսաստանի բուն շահերը տարածաշրջանում, և ինչու է նա խաղաղապահներին դուրս բերում Լեռնային Ղարաբաղից։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը շեշտեց` դրանով իսկ վնաս է հասցվում ոչ միայն հայ ժողովրդի, այլև հենց ռուսական շահերին։
«Նրանք (ՌԴ ներկայացուցիչները,–խմբ.) ասում են, որ ԼՂ հայերը պետք է տուն վերադառնալու հնարավորություն ունենան` վերջիններիս իրավունքների և անվտանգության ապահովման պայմանով։ Իրականում ո՞վ պետք է ապահովի դա, Ադրբեջա՞նը։ Ինչպե՞ս կարելի է կորցնել Ռուսաստանի այդքան լուրջ ներկայությունը տարածաշրջանում։ Ես բաց կասեմ` առնվազն 2,5 մլրդ դոլար է ծախսվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման և գտնվելու համար»,– ասաց Սարգսյանը։
Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ գուցե ՌԴ խաղաղապահների դուրսբերումը խորքային գործընթաց է:
Ըստ քաղաքական գործչի` խոսքը կարող է Լեռնային Ղարաբաղի և հենց Ադրբեջանի որոշ տարածքների (որոնք այժմ վերածվել են իսրայելական ռազմակայանների` իրանական տարածքի վրա հարձակվելու համար) ուղղությամբ իրանական հնարավոր հարվածների մասին լինել։
Սարգսյանի կարծիքով` առաջիկա օրերին որոշակի հստակություն կլինի այս հարցում։ Ամեն դեպքում, մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը փակված է։ Նա նշեց, որ քանի դեռ Հայաստանում իշխանությունը ներկայիս թիմն է, վերադարձ սպասել պետք չէ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը պետք է մեխանիկորեն երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Սակայն 2023–ի սեպտեմբերին Ադրբեջանը նոր ագրեսիա իրականացրեց` լայնամասշտաբ հարձակում սկսելով Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, սկսվեց բնակչության բռնի տեղահանումն ու Արցախը հայաթափվեց։