ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրանը բացահայտել է Իսրայելի բոլոր միջուկային օբյեկտների տեղակայումը և պատրաստ է ցանկացած պահի հարված հասցնել դրանց՝ Թել Ավիվի ագրեսիայի դեպքում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը:
ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Հաքթալաբը հայտարարել է, որ իրենք անմիջապես հայելային հարված կհասցնեն Իսրայելին, եթե Թել Ավիվը հարձակվի իրանական միջուկային օբյեկտների վրա:
«Իրանն ի սկզբանե պատրաստ էր դիմակայել Իսրայելի սպառնալիքներին պասիվ պաշտպանության պլանների, ինչպես նաև սպառազինության ամենաժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ։ Իրանի ողջ տարածքում միջուկային օբյեկտների տարածման շնորհիվ մենք պատրաստ ենք դիմակայել Իսրայելի կողմից մեր միջուկային օբյեկտների նկատմամբ ցանկացած սպառնալիքի»,-Հաքթալաբի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Նա նաև նշել է, որ իրանական կողմը կարող է վերանայել և խուսափել ավելի վաղ իր հայտարարած միջուկային քաղաքականությունից:
Մի քանի տարի շարունակ Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր չԷ միջուկային զենք ստեղծել, իսկ ատոմային էներգիայի զարգացումը բացառապես խաղաղ բնույթ է կրում։
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։