ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրենք դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին զգուշացրել են Իսրայելի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: Տեղեկությունը հայտնում է IRNA-ն։
«Ճշմարիտ խոստում» գործողությունը եղել է Դամասկոսում իսրայելական ավիացիայի կողմից իրանական հյուպատոսությանն ուղղված հարվածի պատասխանը:
«Մենք հստակ և բացահայտ ասել ենք ամերիկացիներին, որ Իսրայելի ռեժիմին պատասխանելու որոշում ենք կայացրել, որն ընդունվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում՝ նախագահի ղեկավարությամբ, և այն վերջնական է», - ասել է նախարարը:
«Ճշմարիտ խոստում» գործողությունից հետո իրանական կողմը գիշերվա 2:30-ին դիվանագիտական խողովակներով ևս մեկ ուղերձ է հղել ԱՄՆ–ին` նշելով, որ Թեհրանը տարածաշրջանում լարվածության սրացում չի ուզում։
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։