ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, դրանք կապված կլինեն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և հրթիռների հետ: Տեղեկությունը նշված է Եվրոպական խորհրդի նիստի ավարտին արված հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters գործակալությունը։
«ԵՄ-ն պատրաստ է Իրանի դեմ նոր սահմանափակող միջոցներ ձեռնարկել, հատկապես՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արտադրող ընկերությունների նկատմամբ», - նշված է փաստաթղթում:
Նման միջոցներ են ձեռնարկվել Իսրայելի վրա Թեհրանի հարձակման հետևանքով։
Եվրախորհրդարանը նաև կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:
«Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Սա հստակ ազդանշան է, որը ցանկանում ենք ուղարկել», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կսահմանվեն պատժամիջոցները։
Ավելի վաղ Եվրամիության առաջնորդները կոչ էին արել Իսրայելին զսպվածություն ցուցաբերել և չմասնակցել հակամարտության հետագա սրմանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է ընդլայնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ որպես Իսրայելի հետ համերաշխության ակտ: