ՀԺՄ–ն դատապարտել է լրագրողի նկատմամբ պատգամավորի պահվածքը և դիմել միջազգային կառույցներին

Միությունը պատկան մարմիններից պահանջում է նաև քննություն իրականացնել կատարվածի առթիվ՝ համապատասխան հետևանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ժուռնալիստների միությունը` անդրադառնալով Ջեբեջյանի նկատմամբ Խաչատուր Սուքիասյանի անպարկեշտ պահվածքին։
Նշենք, որ Սուքիասյանը ԱԺ–ում կայացած ճեպազրույցի ժամանակ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Ջեբեջյանի հասցեին՝ թիրախավորելով կնոջը, նրա ծնողներին, հարազատներին և նրա ներկայացրած լրատվամիջոցը, գլխավոր խմբագրին։
Միությունը պատկան մարմիններից պահանջում է քննություն իրականացնել կատարվածի առթիվ՝ համապատասխան հետևանքներով, կոչ է անում Հայաստանում գործող դեսպանատներին, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ համարժեք արձագանքել տեղի ունեցածին և հանուն կոնյունկտուրային նպատակների՝ աչք չփակել ՀՀ–ում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իշխանության կողմից իրականացվող բռնությունների վրա։
«Փողոցային բառապաշարով, ակնհայտ ագրեսիվ ու սպառնալից տոնով Սուքիասյանն արձագանքել է այն հարցերին, որոնք Ջեբեջյանը՝ որպես հանրային տրամադրությունները փոխանցող լրագրող, ուղղել է պատգամավորին»,– նշված է հայտարարության մեջ։
«Առավոտ» օրաթերթի լրագրողի դեմ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ցուցաբերած սանձարձակ վարքագիծը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, որի պայմաններում իշխանությունը չի հանդուրժում իր տեսակետից տարբերվող որևէ կարծիք։
Ապացույցներ կան, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն է կիրառվել. փաստաբան