Հնարավորություններ Պարսից ծոցի երկրների համար. ինչ է առաջարկում Երևանը Էր Ռիադին

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր` զբոսաշրջության, ծառայությունների առևտրի, ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանը Սաուդյան Արաբիային առաջարկել է դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռնվող հնարավորությունները։ Այս մասին Ռիադում Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նշվում է, որ այս համատեքստում Միրզոյանը նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր` զբոսաշրջության, ծառայությունների առևտրի, ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։
Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը, պարբերական ուղիղ չվերթերի իրականացումը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորումը։ Պայմանավորվել են մշակել անհրաժեշտ իրավապայմանագրային բազա։
Նշվում է, որ սաուդական կողմն առաջարկել է փոխհամաձայնեցնել երկու երկրների հետաքրքրություններն արտացոլող «ճանապարհային քարտեզ»՝ առկա ներուժի առավելագույն արդյունավետ իրացման նպատակով։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ մեկնել է Սաուդյան Արաբիա։
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են ուղիղ չվերթերի կարևորությունը