ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանում 776 մեղադրյալ Պրոբացիայի ծառայության կողմից վերահսկվում է էլեկտրոնային հսկողության սարքերի միջոցով։ 2023թ–ից այսքան քաղաքացու նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք կամ վարչական հսկողություն։
Վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ կառավարությունը` միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ պետության գնած «բրասլետները» մոտ ապագայում կարող են չբավականացնել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2023 թվականին ձեռք է բերվել էլեկտրոնային հսկողության 661 սարք, որոնք ամբողջությամբ կիրառվել են` 445-ը` տնային կալանքի, 216-ը` վարչական հսկողության համար:
2024 թվականին ձեռք է բերվել 184 սարք, 63–ը` տնային կալանքի, 121–ը` վարչական հսկողության համար։ Դրանցից 115-ն արդեն զբաղված են, քանի որ հունվարի 1-ից մինչ օրս դատարաններն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու 115 դատական ակտ են կայացրել (82-ը` տնային կալանքի, 33-ը` վարչական հսկողության մասով)։
Կառավարությունը մտավախություն ունի, որ մնացած 69 սարքերը կբավարարեն առավելագույնը երեք ամիս, ուստի շտապում է հնարավորինս արագ նոր սարքեր գնել` հաշվի առնելով այլընտրանքային խափանման միջոց կիրառելու` դատական ակտերի օրեցօր աճող դինամիկան։
Գործադրի այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը հատկացվեց 140.1 մլն դրամ` լրացուցիչ 221 էլեկտրոնային հսկողության սարք գնելու համար (127–ը` տնային կալանքի, 94–ը` վարչական հսկողության)։
Նշենք, որ կառավարության կայքում հրապարակված տեղեկանքում էլեկտրոնային հսկողության սարքերի լայնորեն կիրառումը մեկնաբանվում է դատարանների կողմից այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերի ավելացմամբ։