ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտվել, ինչի արդյունքում հանցավոր խմբի 2 անդամ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնաբերվել է հերոին, մեթամֆետամին և մարիխուանա։
«2024թ․ մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Սյունիքի մարզի Քաջարան–Կապան ավտոճանապարհից ձերբակալվել էին 42-ամյա կին ու 27-ամյա երիտասարդ։ Վերջինիս վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր ընդհանուր 3288 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 2459 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի և 7505 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ ձերբակալված կինն ու երիտասարդը, ևս մեկ՝ ինքնությունը պարզված տղամարդու, ինչպես նաև ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել դեռևս չպարզված անձի կողմից մարտի 15-ին Իրանից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխված թմրամիջոցի նմանվող վերոնշյալ զանգվածները։
Այնուհետև, 42-ամյա կինը ու 27-ամյա երիտասարդը ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները տեղավորել են իրենց վարձակալած ավտոմեքենայում։ Վերջիններս այդ թմրամիջոցը պետք է տարբեր չափերի բաժանեին ու ՀՀ–ում իրացնեին։ Դեպի Երևան երթևեկելու ժամանակ էլ կինն ու երիտասարը ձերբակալվել են։
Կնոջ և վերոնշյալ երկու տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Կինը և երիտասարդը կալանավորվել են, իսկ ինքնությունը պարզված 3-րդ անձի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ապա ապրիլի 17-ին նա հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ։