ԵՄ համաձայնագրով ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրվի փախստականներին աջակցելու համար

Արցախից բռնի տեղահանվածներ
Եվրոպական կողմի հետ քննարկվում է համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագիրը, որն ամենայն հավանականությամբ կհաստատվի այս տարվա վերջին եռամսյակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Եվրամիությունն իր բյուջեից 15 մլն եվրո կտրամադրի ՀՀ կառավարությանը` նպաստելու փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ–տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը։
Գումարը կտրամադրվի ՀՀ–ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսված «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման արդյունքում, ինչին հավանություն տվեց ՀՀ կառավարությունը։
Համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով կխթանվի նաև Հայաստանում ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին, կտրամադրվի միանվագ բազմանպատակ դրամական օգնություն:
«Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
ԵՄ տրամադրած գումարով փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը կհոգան, ինչպես նաև նրանց կապահովեն կացարաններով:
«Նշված գործողությունները նպատակ կունենան աջակցելու փախստականներին՝ բնակություն հաստատելու իրենց նախընտրած վայրերում, և նրանց կտրամադրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու և տնտեսական գործունեություն ծավալելու համար»,– ասված է որոշման մեջ:
Միևնույն ժամանակ եվրոպական կողմի հետ հիմա բանակցվում է համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագիրը, որը, ըստ նախնական տեղեկությունների, կհաստատվի այս տարվա վերջին եռամսյակում:
Բռնի տեղահանված արցախցիների տան հարցը լուծելու համար նախատեսվում է 3-5 միլիոն դրամ