ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է 6 տարվա առավելագույնին, ինչի պատճառը Չինաստանի մատակարարումներն են։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը` վկայակոչելով Vortexa վերլուծական ընկերության տվյալները։
Ընկերության տվյալներով` 2024 թվականի առաջին 3 ամսում Իրանը միջինում օրական 1,56 մլն բարել նավթ է մատակարարել, ինչը 2018 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Նշվում է, որ արտահանման գրեթե ամբողջ ծավալն ուղղվել է Չինաստան։
Financial Times–ն էլ հայտնում է, որ վերջին 12 ամսվա ընթացքում նավթի վաճառքից Իրանի եկամուտները հասել են 35 մլրդ դոլարի։
The Wall Street Journal–ը 2023 թվականի հուլիսին գրել էր, որ Իրանից նավթի արտահանման իրական ծավալները կարող են ավելի շատ լինել, քանի որ պաշտոնական վիճակագրությունում հաշվի չի առնվում միջնորդ երկրներով հումքի տարանցումը։ 2024 թվականին իրանա–չինական առևտրի պալատը հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունն Արաբական Միացյալ Էմիրության ընկերությունների հետ է աշխատում պատժամիջոցները շրջանցելու համար` նպատակ ունենալով մեծացնել արտահանումը դեպի Չինաստան։