ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը մտահոգված է Հայաստանի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջև Բրյուսելում կայացած բանակցությունների մանրամասների հրապարակմամբ, որոնք վերաբերում են ՀՀ անվտանգությանը։ Սարգսյանն այդ մասին ասաց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Ըստ այդ հրապարակման` բանակցությունների մանրամասները վերաբերում են Հայաստանի անվտանգության ընդհանուր համակարգի կառուցման գործում Վաշինգտոնի և Բրյուսելի լայնածավալ մասնակցությանը։
Սարգսյանի խոսքով` ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվել հայ ժողովրդի և հասարակության թիկունքում, դրանց մասին ոչ մի խոսք չի եղել պաշտոնական հայտարարություններում, և իշխանությունները դեռ չեն արձագանքել արտահոսքին։
Քաղաքական գործիչը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են վարում։ Տարածաշրջանը կդառնա աշխարհաքաղաքական «Բերմուդյան եռանկյունի»։ Բրյուսելյան պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ։ Թե՛ Թեհրանը, թե՛ Մոսկվան դա ուղղակի և անուղղակի հասկացնում են։
«Այս քաղաքականությունը կարող է վերջնական վերացնել մեր պետությունը։ Այն, ինչ գրված է այս փաստաթղթում, միայն ռազմավարական նպատակ ունի։ Հայաստանի իշխանությունները նման վտանգավոր տարածաշրջանում երկիրը տանում են արկածախնդրության` հաշվի չառնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Աշխարհաքաղաքական «Բերմուդյան եռանկյունում» Իրանն առանձնահատուկ դեր ունի, Հայաստանն էլ կամա թե ակամա տեղավորվում է Իրանի հակառակորդների խմբում, ինչն էլ հղի է ծայրահեղ տխուր հետևանքներով»,– նշեց Սարգսյանը։
Նա հիշեցրեց` Իրանն օրերս արդեն հասկացրել է, որ խիստ բացասաբար է վերաբերվելու տարածաշրջանի ռազմաքաղաքական գործերին արևմտյան խաղացողների միջամտությանը։
Սարգսյանի խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչու է Արևմուտքը շահագրգռված այդ մասշտաբային ծրագրի իրականացմամբ հենց Հայաստանի հետ, այլ ոչ թե օրինակ Վրաստանի, որն արդեն այսքան տարի սպասում է ԵՄ մուտք գործելուն: Հավանաբար Արևմուտքում կարծում են, որ Վրաստանում իրենց խնդիրն արդեն լուծել են, Ռուսաստանն այնտեղ չկա, այլ կա Թուրքիան, և մնում է միայն Հայաստանը, որտեղից պետք է դուրս մղել Ռուսաստանին։
Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։