Ադրբեջանի նպատակը առևտուրը չէ, այլ ՀՀ–ն ոչնչացնելը. տնտեսագետի արձագանքը Փաշինյանին

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած առաջարկը` 50 մետր այն կողմ գտնվող ադրբեջանցիների հետ առևտուր անելու, տնտեսություն կառուցելու, գնալ-գալու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ի՞նչ առևտրի մասին է խոսքը, երբ Ադրբեջանի ձեռքում ոչ թե առևտրային գործիքներ են, այլ զենք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով ապրիլի 17-ին Տավուշում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։
Կիրանց գյուղում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր. «Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ «վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա», այլ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարող ա՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարել է Փաշինյանը։
Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, նման կերպ փորձ է արվում գյուղացի մարդուն շեղել իրական վտանգներից։ Բայց դա, նրա բնորոշմամբ, պետության ղեկավարի խոսք չէ։
«Նման զրույցներ կարելի է գյուղացի մարդկանց հետ վարել, որոնք միրգ– բանջարեղեն են աճեցնում, առևտուր են անում։ Բայց դա սահմանագծում ես չեմ պատկերացնում։ Դա պետության ղեկավարի խոսք չէ։ Էդ առևտուր անելու ձևերը, մեխանիզմները բոլորին հայտնի են։ Տվյալ դեպքում խոսքը անվտանգության, ընդհանուր ստրատեգիական հարցերի մասին է։ Եվ նման ձևակերպումը ինձ համար անհասկանալի է»,– ասում է Մարգարյանը։
Փաշինյանի հիպոթետիկ առաջարկին տնտեսագետը հակադրում է Սյունիքի փաստացի օրինակը, երբ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանի` ապօրինի տեղադրած անցակետից հետո Հայաստանն ստիպված եղավ հրաժարվել այդ ճանապարհից` նոր շրջանցիկ ճանապարհ կառուցելով։
«Օկուպանտի հետ սակարկելը, տարածքների վրա առևտուր անելը ողջամիտ մարդու ուղեղում պարզապես չտեղավորվող հանգամանք է։ Եվ դա անել Տավուշի բնակչության կենցաղային զգացմունքների վրա խաղալով՝ ճիշտ չէ։ Մենք գործ ունենք մի թշնամու հետ, որի նպատակն ամենևին էլ առևտուրը չէ, այլ ՀՀ–ն ոչնչացնելը։ Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է և վերջ։ Եթե մեր ոչ բարով հարևանը իսկապես գնում է խաղաղության, պետք է իր զորքերը մեր տարածքներից հետ քաշի։ Մնացած բոլոր բաներն այդ ֆոնին իրականացնելը ես լուրջ չեմ համարում»,– նշում է տնտեսագետը։
Փաշինյանը հանդիպել է ոսկեպարցիներին. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին թույլ չեն տվել մասնակցել
Ատոմ Մարգարյանը համոզված է` Տավուշում Ադրբեջանին տարածքներ զիջելով` Հայաստանը ոչ միայն կարող է վերադառնալ 90-ականների սկզբի կարգավիճակին, այլև Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկվելով՝ կարող է կրկնել Արցախի ճակատագիրը։ «Ադրբեջանին հետաքրքրում է դեպի հյուսիս գնացող կոմունիկացիաների, առաջին հերթին` Հայաստան մտնող գազատարի վերահսկողությունը։ Այսինքն` նույն ծրագիրը, նույն մտադրությունները, որ տեղի ունեցավ Արցախում»,– ասում է Մարգարյանը։
Հիշեցնենք` Տավուշում ապրիլի 17-ի հանդիպումներից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել էր Փաշինյանի փակ հանդիպումը և նշել, որ հարցը գյուղին կամ գյուղերին վերագրելը նշանակում է գյուղացիներին թողնել ահռելի պատասխանատվության ներքո՝ ոչ միայն ներկայի, այլև ապագայի բոլոր հետևանքներով: