ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը, որն իբր համաձայնեցվել է Բրյուսելում, կեղծ է։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները ինչ–որ թղթեր էին հրապարակել` պնդելով, որ դրանք Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնց համաձայն` ԱՄՆ-ն իբր Հայաստանին աջակցում է ռազմավարական պաշտպանության և նոր ռազմավարական հայեցակարգի մշակման հարցում, իսկ ԵՄ-ն և Հայաստանը իբր պայմանավորվել են զգալիորեն կրճատել, ապա նաև առհասարակ վերացնել ռուսական սպառազինությունից և ռազմական ուսուցումից Հայաստանի զինված ուժերի կախվածությունը։
«Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել»,– ֆեյսբուքյան էջում գրել է Անի Բադալյանը։
Նա հիշեցրել է, որ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ հաղորդագրության մեջ:
Բադալյանը վստահեցրել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին:
Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։