ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։
Նշենք, որ օրինագիծը հետ էր կանչվել 2023 թվականի մարտին տեղի ունեցած զանգվածային բողոքների ֆոնին, դրա կրկնակի նախաձեռնումը իշխանությունները հիմնավորում են նրանով, որ արտասահմանյան դոնորները ավելացրել են Վրաստանում ծայրահեղական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։
Հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ու հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը միևնույն շարքին է դասում Վրաստանի բարեկամներին ու թշնամիներին, պիտակավորում է ՀԿ-ներին և խոչընդոտում է ԵՄ-ին երկրի ինտեգրմանը։
Վրաստանի իշխանություններին այդ օրինագծից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունը, այդ թվում՝ ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի Խորհուրդը: