Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել

Գլխավոր դատախազություն
Յուլյա Գասպարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել էր դեկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յուլյա Գասպարյանին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նման որոշման հիմք է դարձել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրությունը և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Յուլյա Գասպարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, ընդ որում` ոչ թե արդարացնող հիմքով, այլ համաներմամբ։
Հիշեցնենք` նախկին ոստիկանապետի դստեր նկատմամբ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում էր հարուցվել 2022 թվականի նոյեմբերին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ նա նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա, բայց տարիներ շարունակ ծառայության չի ներկայացել։ Այդ ընթացքում նրան փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ), Յուլյա Գասպարյանն էլ ստացել և կանխիկացրել է այդ գումարները։