ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Դաժան ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանը, որը օրեր առաջ հանրային տրանսպորտում վիրավորել էր ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե։
Նշենք, որ մինչ այդ Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայրում էր (ՁՊՎ), քանի որ պատգամավորի հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար քրեական գործ է հարուցվել (առերևույթ խուլիգանության հատկանիշներով)։
Հիշեցնենք` ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցնում ՔՊ–ական պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց էր սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց` Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։
Ուսին ու ձեռքին քերծվածքներ են եղել, նաև թքել են երեսին։ Այդ ամենը տեղի է ունեցել Երևանի քննչական վարչությունից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ Վարդանյանի ձեռքերը շղթայված են եղել։
Հավելենք, որ Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդանյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ։ ՄԻՊ–ը դեպքի առնչությամբ պատրաստվում է գրություններ ուղարկել ՀՀ ՆԳՆ և դատախազություն։