ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդը` դատապարտելով Ոսկեպար և Կիրանց գյուղերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած փակ հանդիպումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հետ կապված իրավիճակը։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն 1 ամիս է` Ոսկեպարում է բնակվում, թույլ չեն տվել մուտք գործել հանդիպման սրահ։ Գյուղացիները, ինչպես նաև Տավուշի թեմը Փաշինյանի այցի մասին տեղյակ չեն եղել։
«Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի սահմանած կարգերի համաձայն: Այլ առաջարկներն ու գաղափարներն ապօրինի են։ ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են»,– նշված է հայտարարության մեջ:
Շարժման խորհուրդը կարծում է, որ պետության գոյությանը և ամբողջ հայությանն առնչվող այսպիսի կարևորագույն հարցերին փակ հանդիպման ձևաչափով անդրադառնալն ինքնին մոլորեցնող է։
Ըստ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման` խնդիրը միայն Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի բնակիչներին չի վերաբերում. ռազմավարական տարածքների զիջման հարցը ողջ հայ ժողովրդի հարցն է։
«Հետևաբար վերահաստատում ենք` ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը դնելով մեր հերոսական գյուղացիների ուսերին»,– նշված է հայտարարության մեջ։
Այդպիսով առկա իրավիճակի և հետագա գործողությունների ամբողջ մեղքը և պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափվում և թողնվում է քաղաքացիների վրա։