Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդ

Դիմակավորված անձը կրակ է բացել փողոցում թիկնազորով տեղաշարժվող երիտասարդի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Թբիլիսիի Տաբիձե փողոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են։ Տեղեկությունը հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։ Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 13։00–ի սահմաններում:
Ականատեսների խոսքով՝ կրակողը դիմակավորված է եղել։ Նա կրակ է բացել մի երիտասարդի վրա, որը փողոցում շրջում էր թիկնազորով։ Թիկնապահը պատասխան կրակ է բացել և վիրավորել հարձակվողին։
«Ես լսեցի կրակոցների ձայներ։ Եղել է մոտ 7 կրակոց: Կրակողը գլխի շրջանում վնասվածք է ստացել, մյուս երկուսը, ովքեր պաշտպանվել են, վիրավորվել են թիկունքից: Նրանք երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց»,– պատմել է ականատեսը։
Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետներ։ Հանցագործության դրդապատճառներն անհայտ են։