ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպանը պատրաստվում է 6-7 բողոք ներկայացնել, այդ թվում` իր պաշտպանյալի կալանքի իրավաչափության վերաբերյալ։ Այս մասին ասուլիսի ժամանակ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նշենք, որ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվում են հնարավոր բոլոր սահմանափակումները, նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ։
Հավելենք նաև, որ գործով 8 մեղադրյալ կա, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ են, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։
«Կալանքի մասով մենք շուտով կսպառենք ներպետական դատարանները, ինչից հետո կգնանք Եվրոպական դատարան (ՄԻԵԴ ,– խմբ.)։ Զուգահեռաբար մոտ 6-7 թեմայով բողոք ունենք, որ պետք է ներկայացնենք, այդ թվում` տնային կալանքի անհամաչափության հետ կապված: Դիմել ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,– նշեց Եգորյանը։
Քերոբյանի պաշտպանությունը մտադիր է գործի դնել բոլոր անհրաժեշտ գործիքները։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրաժարականի մասին հայտարարեց փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։