ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին։ Այդ մասին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Վիլնյուսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության ծառայությունը։
Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը լիտվացի դիվանագետին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով ծրագրի կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում:
Ալեն Սիմոնյան, Գաբրիելյուս Լանդսբերգիս
© Photo : press office of the Government of RA
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը, մասնավորապես՝ պաշտպանական և առևտրատնտեսական ոլորտներում:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պատվավոր հյուրերի գրանցամատյանում: