ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել են նախագահ Բաշար Ալ-Ասադին:
«Հայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունները։ Դրանք ամուր հիմք են հանդիսանում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար»,– ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ այս դժվարին օրերին, երբ պետությունների ու ազգերի խաղաղ գոյակցությունն ու ներդաշնակ փոխգործակցությունը լրջորեն վտանգված են, հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները կշարունակեն փոխադարձ վստահության ու կառուցողականության օրինակ ծառայել միջազգային հարաբերությունների ոլորտում:
Նա Ասադին քաջառողջություն և երջանկություն է մաղթել, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ և բարեկեցիկ կյանք:
ՀՀ նախագահն էլ իր ուղերձում նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սիրիայի հետ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նա վստահություն է հայտնել, որ 2 երկրի միջև առկա է մեծ ներուժ տարբեր բնագավառներում արդյունավետ գործակցություն ծավալելու համար։