ՀՀ–ն ջանքեր է գործադրում, որ եզդիական համայնքը պահպանի իր ազգային ինքնությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետը եզդիական համայնքի ներկայացուցիչներին երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք է մաղթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում, որ երկրի ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել և զարգացնել իրենց ազգային ինքնությունը, մշակութն ու կրոնը, ինչպես նաև կրթական պատշաճ հնարավորություններ ունենան։
ՀՀ վարչապետը կարևորել է նաև տնտեսական գործունեության հավասար հնարավորությունները` ի շահ յուրաքանչյուրի անհատական և պետության ընդհանրական բարեկեցության:
«Թող Նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ»,–նշել է Փաշինյանը:
Նա եզդիական համայնքի ներկայացուցիչներին երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք է մաղթել։
Հավելենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ երեկ` ապրիլի 16–ին, որոշում կայացվեց, որ այսուհետ Հայաստանում ամեն տարի օգոստոսի 3–ին կնշվի Իրաքի Սինջար շրջանում եզդիների ցեղասպանության օրը։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 79 կողմ ձայնով։ Դեմ և ձեռնպահ քվեարկող պատգամավորներ չկային։