ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Սոչիի Խոստինսկի շրջանային դատարանը կալանավորել է Սոչիում հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին:
Ծնունդով դաղստանցի 33-ամյա Արթուր Ռասուլովին մեղադրում են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:
Մեղադրյալը հայտնել է, որ Գևորգյանին սպանելու մտադրություն ինքը չի ունեցել, ամեն ինչ պատահական է եղել՝ ծեծկռտուքի ժամանակ։
Դատարանին ներկայացված նյութերից հետևում է, որ տղամարդկանց միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 18-ի գիշերը «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ։ Ծեծկռտուքի ընթացքում հումորիստը հարվածից հետո ընկել էր 2 մետր բարձրությունից և գլխի լուրջ վնասվածքներ ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն, չնայած բժիշկների ջանքերին, մի քանի օր անց նա մահացել է։
Իսկ մեղադրյալը փախել էր հանցագործության վայրից, նրա նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել։