ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ չեզոքացրել է «Հզբոլլահ» շարժման մարտական թևի կազմում «Ռադվան» հատուկ նշանակության գումարտակի հրթիռային ուժերի հրամանատարներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Քֆար-Դունինի շրջանում ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել և ոչնչացրել ահաբեկիչ Մուհամմադ Հուսեյն Մուսթաֆա Շեչորիին, որը «Հզբոլլահի» կազմում «Ռադվան» ուժերի հրթիռային ստորաբաժանման հրամանատարն էր՝ Լիբանանի կենտրոնական և արևմտյան շրջանների հարցով։ Մուհամմադը ծրագրել և նպաստել է Լիբանանի կենտրոնական և արևմտյան շրջաններից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռների արձակմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։