ԱՄՀ–ն նվազեցրել է ՌԴ ընդհանուր պետական պարտքի կանխատեսվող մակարդակը

ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամը պարտքի կառավարման 60%–ի մակարդակը ՀՆԱ–ի նկատմամբ համարում է անվտանգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ռուսաստանի պետական պարտքի կանխատեսվող մակարդակը 2024 թ. համար նվազեցրել է մինչև ՀՆԱ–ի 20,8 %–ը։ Այս մասին նշված է ԱՄՀ–ի հրապարակած զեկույցում:
Հիմնադրամից նշում են, որ ՌԴ պարտքի ընդհանուր ծավալը 2023 թ. կազմել է 19,7%։ 2025 թվականի համար ԱՄՀ–ն մինչև 21,9% աճ է կանխատեսում, իսկ 2029 թվականին այն կհասնի ՀՆԱ–ի 24 տոկոսի մակարդակին։
Ի դեպ, իր նախորդ փաստաթղթում, որը հրապարակվել էր 2023 թ. հոկտեմբերին, ԱՄՀ–ն 2024 թ. կանխատեսել էր պարտքի` ՀՆԱ–ի 21,8%, իսկ 2025 թվականին՝ 21,7% մակարդակ։
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը չի բացառել, որ 2024 թ. արդյունքներով պետական պարտքի մակարդակը կարող է մի փոքր ավելի ցածր լինել, քան ՀՆԱ–ի 17%–ը։
Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պարտքի կառավարման 60%–ի մակարդակը ՀՆԱ–ի նկատմամբ համարում է անվտանգ։
Ինչ վերաբերում է ՌԴ տնտեսական աճին, ապա հիմնադրամը 2024 թ. կանխատեսումը 2,6 %–ից բարձրացրել է մինչև 3,2%–ի: ԱՄՀ-ի գնահատմամբ՝ 2025 թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 1,8 տոկոսով։ Այս կանխատեսումը նույնպես բարելավվել է. նախկինում հիմնադրամը ակնկալում էր 1,1% աճ:
Հիմնադրամի կանխատեսումներով՝ ՌԴ–ում սպառողական գները 2024 թ. կաճեն 6,9 %–ով, 2025 թ.՝ 4,5%–ով։ Ռուսաստանում գործազրկության մակարդակը կլինի համապատասխանաբար 3,1 և 3,2%–ի մակարդակներում: