ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են Հայաստանում Եվրամիության դեսպանությունից՝ պատասխանելով, մասնավորապես, թե ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման համար։
«Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ստորագրող կողմեր, որով 11 խորհրդային հանրապետությունները հայտարարել են, որ նրանց վարչական սահմանները կարող են լինել և նրանց միջազգային սահմանները: Այս հանձնառությունը վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից 2022 թվականին Պրահայում: Սա նաև հիմքն է ԵՄ-ի կողմից այս երկրներից յուրաքանչյուրի ճանաչման համար։ Վարչական սահմանը երբեք միջազգային սահման չի հանդիսացել. ուստի, անհրաժեշտ է այն սահմանազատել ու սահմանագծել պատշաճ կերպով, բայց մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից»,-նշված է պատասխանում:
ԵՄ դեսպանությունից շեշտել են, որ այդ գործընթացում պետք է քննարկվեն բոլոր տարածքները, ներառյալ նրանք, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում են, և որոնք եղել են Հայկական ԽՍՀ-ի կազմում, ինչպես նաև այն տարածքները, որտեղ հայկական ստորաբաժանումները գտնվում են, և որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում եղած տարածքում։
Ընդգծվել է ցանկացած սպառնալիքից զերծ մնալու, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի կողմից չլուծված բոլոր խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։