ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումը և արտահանումը կազատականացվեն։ Որոշումն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՏՀ–ի կայքում։
«Փոփոխություններն ուղղված են թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծման և արտահանման ազատականացմանը, պետական վերահսկողության գործընթացի դյուրացմանը, արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից պետական մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ցանկի օպտիմալացմանը, ինչպես նաև նույնական ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների կիրառմանը», – ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:
Խոսքն այն ապրանքների մասին է, որոնցում թանկարժեք մետաղների բաղադրությունը չի գերազանցում 2 տոկոսը:
Բացի այդ, հաշվի առնելով էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ստանալու հնարավորությունը, կթույլատրվի բնօրինակների փոխարեն ներկայացնել փաստաթղթերի պատճենները (արտահանման լիցենզիա, ապրանքների ճշգրտում) պետական վերահսկողության իրականացման համար:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 30 օր անց: