ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը թուրքական ծուղակ է որակել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակները կազմելու առաջարկը:
Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, որ պետք է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները:
«Սա ծուղակ է, դադարեցրեք այս քննարկումները։ Թուրքիան ցանկանում է, որ հենց այս հարցը դառնա քննարկման առարկա, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը»,– հայտարարել է Մարուքյանը յութուբյան ալիքով։
Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում։ Այն ճանաչել են ավելի քան 30 երկիր, ԱՄՆ 50 նահանգ։
«Սա տաբու է, այդ հարցը չի կարելի քննարկել»,– նշել է Մարուքյանը:
Հիշեցնենք՝ Անդրանիկ Քոչարյանը հավելել էր` քանի դեռ վերը նշված արձանագրումը հայկական կողմը չի արել, Թուրքիան շարունակելու է հերքել իրողությունը։