ՌԴ-ն հրավիրվել է հունիսի 6-ին նորմանդական դեսանտական օպերացիայի 80-ամյակի տոնակատարությանը

Հրավերը կուղարկվի Ֆրանսիայում Մոսկվայի դիվանագիտական ներկայացուցչություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՌԴ-ն պաշտոնապես հրավիրվել է հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի տոնակատարությանը։ Տեղեկությունը հայտնել է France Presse գործակալությունը՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչ Mission Libération ընկերությանը։
«Իրավիճակը հաշվի առնելով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված չէ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը հրավիրված է և կներկայացվի», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ելիսեյան պալատի՝ ռուսական պատվիրակությանը հրավիրելու մտադրության մասին գրել էր ֆրանսիական Europe 1 ռադիոկայանը:
Հրավերը, ռադիոկայանի տվյալներով, կուղարկվի Ֆրանսիայում Մոսկվայի դիվանագիտական ներկայացուցչություն:
Նշվել է նաև, որ չնայած ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, անհնար է բացառել Ռուսաստանի մասնակցությունը միջազգային միջոցառումներին։ Հրավերը նշանավորում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում ԽՍՀՄ ներդրումը, չնայած այն հանգամանքին, որ Խորհրդային Միությունն ուղղակիորեն չի մասնակցել հունիսի 6-ի ափհանմանը: Պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ը կորցրեց մոտ 27 միլիոն մարդու։
«Նորմանդական քառյակի» քաղաքական խորհրդականները բուռն զրույց են ունեցել
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը Ֆրանսիայից պաշտոնական հրավեր չի ստացել։
2023 թվականի դեկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել, որ Պուտինը կարող է հրավիրվել 2024 թվականին Ֆրանսիայում Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի տոնակատարությանը, «եթե Ուկրաինայում իրավիճակը փոխվի»: