Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել

Մանրամասն քննարկվել է Իսրայելի կողմից Դամասկոսում իրանական դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ իրականացված ավիահարվածից և Իրանի կողմից ձեռնարկված պատասխան միջոցառումներից հետո Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռայիսիի միջև: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում նախագահ Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով:
Իբրահիմ Ռաիսին իր հերթին նշել է, որ Իրանի գործողությունները հարկադրված են եղել և սահմանափակ բնույթ են կրել: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի շահագրգռված չէ լարվածության հետագա սրման հարցում։
Երկու կողմից էլ արձանագրվել է, որ Մերձավոր Արևելքում ներկա իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության չլուծված լինելն է։ Այս կապակցությամբ հաստատվել են Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները՝ հօգուտ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, հումանիտար ծանր իրավիճակի թեթևացման և ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման պայմանների ստեղծման:
Ռուս-իրանական հարաբերությունների արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման, այդ թվում՝ փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իբրահիմ Ռայիսիին և Իրանի բոլոր մուսուլմաններին Ռամադան սուրբ ամսվա ավարտի և օրերս նշվող Ուրազա-բայրամ տոնի կապակցությամբ:
Իսրայելը հետաձգել է Ռաֆահում գործողություն սկսելու ծրագրերը՝ Իրանի հարձակման ֆոնին