Պետք է հույսդ դնես ինքդ քեզ վրա և պաշտպանես սեփական անվտանգությունդ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանի
Դիվանագետի խոսքով՝ արևմտյան երկրները հերթական անգամ դրսևորեցին երկակի ստանդարտներ՝ սիոնիստական ռեժիմի գործողությունները չդատապարտելով և աչք փակելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երբ միջազգային կազմակերպություններն անտեսում են մյուս անդամների իրավունքները, հզորները աչք են փակում, պետք է հույսդ դնես ինքդ քեզ վրա, պաշտպանես սեփական շահերդ և անվտանգությունդ։ Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իսրայելի դեմ Իրանի իրականացրած գործողությանը։
«Տարածաշրջանում լարվածությունը և պատերազմը կանխելու նպատակով մենք կոչ արեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել, սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Անգլիայի խոչընդոտների պատճառով, ցավոք, ԱԽ-ն նույնիսկ ագրեսիան և անձեռնմխելիություն ունեցող վայրերի վրա հարձակումները դատապարտող հայտարարություններ չարեց, իսկ միջազգային իրավունքն ու ազգերի խարտիայի սկզբունքներն անտեսվեցին, հերթական անգամ դրսևորվեց արևմտյան երկրների երկակի ստանդարտները»,- ասաց դեսպանը։
Նա նշեց, որ Իրանը 10 օր սպասել է դիվանագիտական ջանքերին՝ դատապարտելու և սիոնիստական ռեժիմի դեմ պատժամիջոցները դիտարկելու համար։ Սակայն արևմտյան երկրները ոչ միայն չդատապարտեցին սիոնիստական ռեժիմի գործողություները, այլև զսպվածության կոչեր էին անում Իրանին։
Սոբհանիի խոսքով` Իսրայելին ուղղված պատասխան հարվածների ֆոնին Հայաստանում օտարերկրյա որոշ դեսպանատներ փորձում են վարկաբեկել Իրանին: Արևմտյան երկրների դիվանագիտական գերատեսչությունները սոցցանցերում տարածում են հակաիրանական պատմություններ հայերենով և պարսկերենով՝ փորձելով մոլորության մեջ գցել տեղի բնակչությանը։ Դեսպանը շեշտեց, որ ժամանակն է դադարեցնել այդ կեղծիքը և Հայաստանին չներքաշել աշխարհաքաղաքական հակամարտության մեջ։
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ