Կասկադը վերջնական տեսքի է գալու. «Գաֆէսճեանը» տարածքներ նվիրեց քաղաքապետարանին

Ըստ նվիրատվության պայմանների` այդ տարածքներում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Գաֆէսճեան» ժամանակակից արվեստի կենտրոնը Երևանին նվիրաբերեց Կասկադ համալիրի վերնամասում գտնվող 5105 քմ հողամասերը և դրանցում առկա շինությունները: Նվիրատվություն ընդունելու որոշումն այսօր ընդունվեց ավագանու նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ անշարժ գույքերը նվիրաբերվում է Երևանին պայմանով, որ նշված տարածքներում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ 2022 թ.–ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը քաղաքապետարանին էր նվիրաբերել 11.3 հա չկառուցապատված տարածք։
«Երևան համայնքը հայտնել էր պատրաստակամություն ավարտին հասցնել «Կասկադ» համալիրի վերին մասում կառուցապատման աշխատանքները` ապահովելով աստիճանների ու շարժասանդուղքների կապը վերևի հուշարձանի աստիճաններին։ Այսօր քննարկվող հողամասները դրան կից հատվածներ են», –ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նվիրաբերությամբ ընդունվող տարածքներում կառուցապատման աշխատանքներ ոչ նորմատիվային տեսանկյունից, ոչ ճարտարապետական տեսանկյունից չեն կարող նախատեսվել։ Ըստ նրա՝ այնտեղ նաև որպես մշակութային հուշարձան սահմանափակումներ կան, բայց վստահեցրեց նաև, որ Կասկադը ամբողջությամբ վերջնական տեսքի է գալու։