ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊԸ–ի ղեկավար անձինք իրենց աշխատակիցների աշխատավարձների վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամ հարկեր չեն վճարել պետությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՍՊԸ–ի տնօրեն Ա․Դ․-ն ընկերության վարձու աշխատակիցների հետ կնքել է իրականությանը չհամապատասխանող, իրականից ցածր չափերով աշխատավարձերի տվյալներով պայմանագրեր, որի արդյունքում թերհայտարարագրվել են իրական աշխատավարձերի չափերը և դրանցից բխող հարկերը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՔԿ–ի` վարձու աշխատակիցների հետ պայմանավորված իրական աշխատավարձերի չափերը վճարվել են կանխիկ եղանակով։
Ապրիլի 15-ին Ա․ Դ․-ն հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել է:
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով կատարվել է վճարում՝ որպես ենթադրյալ վնասի հատուցման գումար:
Նախաքննությունը շարունակվում է: