ՀՀ առողջապահության նախարարությունում ու ԲԿ–ներից մեկում խուզարկություններ են. ՔԿ

ԶԼՄ–ների տեղեկություններով` խուզարկությունն իրականացվում է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ»,– նշեց Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` խուզարկությունն իրականացվում է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնում, մասնավորապես տնօրեն Զավեն Քոլոյանի աշխատասենյակում։
7 անձ է ձերբակալվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության խուզարկությունից հետո
«Հրապարակի» տեղեկություններով` «Ուիգմորի» տնօրենը ձերբակալվել է կամ բերման ենթարկվել։ Ըստ պարբերականի` գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հետ։