ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հավանություն է տվել ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինայի վերականգնմանը փոխանցելու բանաձևին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թեև ԵԽԽՎ բանաձևերը իրավաբանորեն պարտադիր բնույթ չեն կրում, բայց դրանք կարող են հիմք հանդիսանալ հետագա գործողությունների և առաջարկությունների համար, այդ թվում` Եվրահանձնաժողովի կողմից առաջարկությունների մշակումը:
Բանաձևի համաձայն՝ առաջարկվում է Ուկրաինայի վերակառուցման համար ստեղծել միջազգային փոխհատուցման մեխանիզմ և Եվրոպայի խորհրդի հատուկ հիմնադրամ, որին կփոխանցվեն Ռուսաստանի սառեցված պետական ակտիվները: ԵԽԽՎ–ի յութուբյան պաշտոնական ալիքով հեռարձակվող նիստի արդյունքներով` բանաձևն արժանացել է բոլոր 134 պատվիրակների հավանությանը:
Ուկրաինային ֆինանսապես աջակցելու համատեքստում Եվրահանձնաժողովն ու եվրոպական դիվանագիտության ղեկավարը մարտի վերջին առաջարկել էին Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային տարեկան մոտ 3 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրելու համար: 2024 թվականին նախատեսվում է այդ միջոցների 90 տոկոսն ուղղել ռազմական մատակարարումներին։
Ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են ռուսական արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտ 300 միլիարդ եվրո, որից մոտ 200 միլիարդը գտնվում է ԵՄ-ում: Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ նման որոշումները խախտում են միջազգային իրավունքի նորմերը և հավասարազոր են գողության:
Ռուսաստանը Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես լքեց 2022 թվականի մարտի 15-ին։ Այս որոշումն ընդունվեց Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի իրավունքների սահմանափակումից հետո: