ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչով դիմել են Եվրոպայի խորհրդին` հորդորելով խստորեն դատապարտել Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները։
«Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,–ասված է համատեղ հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։
Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորների խոսքով` կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները` հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են:
Շեշտվում է, որ հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։