ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում այս պահի դրությամբ ծիրանենու ծաղկման, փոշոտման, պտղակազմավորման փուլն անցել է շատ լավ, ու կա հուսալի երաշխիք, որ այս տարի ստանալու ենք ծիրանի լավ, որակով, առատ բերք։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյան
© Sputnik / Asatur Yesayants
«Այս պահին արդեն Արարատյան հարթավայրում, որոշ բարձր գոտիներում ևս պտղակազմավորման փուլը մոտենում է ավարտին։ Կա հուսալի երաշխիք լավ, որակով, առատ բերքի։ Հորդորում եմ մեր ֆերմերներին` բուժման աշխատանքները ճիշտ ժամանակին կազմակերպել, ու արդյունքում կունենանք արտակարգ որակով ծիրան։ Ուղիղ 50 օրից մեր շուկաներում արդեն կունենանք ծիրան»,– ընդգծեց նա։
Ըստ նախկին փոխնախարարի` այսօրվանից սկսած համապատասխան պատկան մարմինները պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որ ստացված ծիրանը ժամ առաջ արտահանվի։ Իսկ ՀՀ–ի համար հիմնական սպառման շուկան ՌԴ–ն է։
Հարությունյանի խոսքով` հիմա այն ճիշտ պահն է, երբ ՀՀ իշխանությունները կարող են ցույց տալ, թե ինչպիսի կարողություններ ունեն ծիրանը եվրոպական շուկա արտահանելու համար այն դեպքում, երբ շատ են խոսում Լարսում առաջացած խնդիրների մասին, և թե ինչպիսի սպասելիքներ ունեն Եվրոպայում։