Զինծառայողների մահվան պատճառ դարձած «Ուրալի» վթարը որևէ կրակոցի հետ կապ չի ունեցել․ ՔԿ

Նախաքննության ընթացքում հարցաքննություններ են անցկացվել շուրջ 2 տասնյակ անձանց հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Նախաքննությամբ հաստատվել է, որ 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վթարը որևէ կրակոցի հետ կապ չի ունեցել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, նշանակվել են փորձաքննություններ։
«Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ։
Նախաքննությունը շարունակում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, այլ պահանջներին ու կանոններին համապատասխանելը։
Հիշեցնենք` հայտնել էինք, որ զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը, ինչի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20–ը վնասվածքներ են ստացել։
Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։