Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իշխանական պատգամավորը փորձել է ընդդիմախոսներին ապացուցել, որ վրացական օրինագիծն ավելի լիբերալ է, քան արտասահմանյան տարբերակները։
Sputnik
Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Խորհրդարանականները միմյանց ծեծել են իրավաբանական կոմիտեի նիստում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («Օտարերկրյա գործակալների մասին») օրենքի քննարկման ժամանակ: «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին բռունցքներով հարձակվել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեի վրա, որն օրինագիծը ներկայացրել է քննարկման:
Էլիսաշվիլիին դուր չի եկել, թե ինչպես է Մդինարաձեն ներկայացնում օրենքը, նա ելույթի ժամանակ վազել է դեպի ամբիոն և հարվածել Մդինարաձեին: Միջադեպը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որը շարունակվել է նաև միջանցքում։
Էլիսաշվիլին, ինչպես և ամբողջ ընդդիմությունը, օրենքն անվանում է «ռուսական»: Ընդդիմությունը հայտարարում է, որ դրա պատճառով Վրաստանը կհեռանա ԵՄ-ից։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր է վետո դնել օրենքի վրա: Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը մյուս երկրներից առաջ ընդունվել է ԱՄՆ-ում, այժմ այն գործում է նաեւ արեւմտյան երկրներում:
Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումն ընթանում է հակառակորդների բողոքի ֆոնին, օրինագիծը քննադատել են նաև արևմտյան երկրների դիվանագետները:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ–ի, ԵՄ–ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է, որ օրինագիծը համապատասխանում է բոլոր իրավական սկզբունքներին և դրա միակ նպատակը ՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսների բացահայտումն է: Նա խոստացել է, որ օրինագծի բաց քննարկում կանցկացվի։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին զայրացրել է արևմտյան դեսպանների դժգոհությունը։ «Դուք երբևէ տեսե՞լ եք, որ որևէ զարգացած երկրում դիվանագետը միջամտի, թե ինչ օրենք կամ որոշում պետք է ընդունի խորհրդարանը»,– ասել է նա։
Փաստաթղթի պատճառով Վրաստանի մի շարք քաղաքներում ակցիաներ են անցկացվել։ Մեկ տարի առաջ նմանատիպ նախաձեռնության պատճառով Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին։
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է եղել