Սահմանազատման գործընթացը շղարշ է, իրականում կապիտուլյացիա է. Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյան
Պատգամավորի խոսքով` այն, ինչ անում է իշխանությունը, հստակ բառով սահմանված է ցանկացած բառարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքն ընդամենը շղարշ է։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա` սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյան– Իլհամ Ալիև մակարդակով, ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա։
«Ոչ մի սահմանազատման ու սահմանագծման գործընթաց չկա, կա կապիտուլյացիայի շարունակություն։ Ադրբեջանը ասում է` պետք է զիջեք, այս իշխանությունն էլ ասում է` ճարներս ի՞նչ, պետք է զիջենք, որ կռիվ չլինի։ Ցանկացած բառարան բացեք, դա կապիտուլյացիայի սահմանումն է` դադարել պայքարել, որ ավելի վատ չլինի»,– ասաց նա։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։