ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան դիվանագիտական ուղիներով շփումներ են պահպանում և քննարկում են Իրանի կողմից Իսրայելի տարածքի զանգվածային հրթիռակոծման շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Դիվանագիտական խողովակներով, բնականաբար, այդ իրավիճակը քննարկվում է։ Իհարկե, մեր դեսպանները կապեր են պահպանում իրենց բոլոր զրուցակիցների հետ, այդ թվում՝ այդ հարցի շուրջ», - ասել է Գրուշկոն։
Հաշվի առնելով, որ երեկ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, ռուսական ներկայացուցչությունները կապ են հաստատում բոլոր այն երկրների հետ, որոնք ազդեցություն ունեն։ Դրանց թվում նաև Թուրքիան է։
Ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։
Իրանից հայտարարել են, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը հետ մղելուն մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմաօդային ուժերը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում կկայացնի` պատասխան հարձակում անի՞, թե՞ ոչ: