Պատգամավորին հասարակական տրանսպորտում վիրավորած երիտասարդը ձերբակալվել է

Տարածված տեսանյութում մի երիտասարդ Ասլանյանին նկարահանում է, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում, որից հետո հրմշտոց է սկսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից երիտասարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ տարածված տեսանյութում մի երիտասարդ Ասլանյանին նկարահանում է, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում, որից հետո հրմշտոց է սկսվում։
Տեսանյութին անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին։
24News-ի հետ զրույցում միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանը ասել է, որ Հակոբ Ասլանյանին ինքը չի հարվածել, իր քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել ու քաղաքական գնահատական տվել։