Պապոյանը «Հայկական կոնյակի» վերաբրենդավորման մասին խոսել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Նախարար Պապոյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացները ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քննարկել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (TAIEX, Twinning) կիրառմանը և այլ հարցերի։
«Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ–ի կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ի տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի, ներդրումների ներգրավման, կապիտալ շուկայի զարգացման, որակի ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության զարգացման և վերջինիս մասով ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ուղղությամբ։
Բացի առևտրից, Հայաստանն ու Ռուսաստանը մեծացնում են կոոպերացիան. ՌԴ էկոնոմիկայի նախարար
Կարևորվել է ներկայում ստեղծված նոր իրողությունների շրջանակներում ԵՄ–ի հետ փոխհարաբերությունների խորացման ՀՀ հանձնառությունը և պատրաստակամությունը` առավել ակտիվ մասնակցություն ունենալու ԵՄ կողմից իրականացվող և նախատեսվող տարածաշրջանային ծրագրերում։
Նախարար Պապոյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: